«Ակամա կմիանանք այդ մրցավազքին». Թուրքիայի ԱԳ նախարարը՝ միջուկային զենք ունենալու հեռանկարի մասին

Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային մրցավազքին, եթե նման զենք հայտնվի տարածաշրջանի այլ երկրների մոտ. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: Լրագրողի հարցին՝ արդյոք Թուրքիան կցանկանար տիրապետել միջուկային զենքի, նախարարը ուղղակի պատասխան չի տվել:


«Այս հարցը պետք է դիտարկել ընդհանուր ռազմավարական իրավիճակի համատեքստում: Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը: Այն երկրները, որոնք, օրինակ, խնդիրներ ունեն Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենք ունենալուն: Եվ մենք, հավանաբար, ստիպված կլինենք ակամա միանալ այդ մրցավազքին»,— ասել է պարոն Ֆիդանը CNN Turk-ի եթերում:


Միևնույն ժամանակ, Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ միջուկային զենքին տիրապետելը «սպառնալիքներ և ռիսկեր է պարունակում», և դա «ցանկալի չէր լինի»: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը միջուկային զենք չունի: «Չկա նաև ատոմային ռումբ արտադրելու ցանկություն»,— հավելել է նա: