Լեհաստանի զինված ուժերի թիվը կհասնի 500 հազարի՝ շնորհիվ բարձր պատրաստվածության պահեստազորի ձևավորման։ Այս մասին փետրվարի 9-ին Գլխավոր շտաբում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է ազգային պաշտպանության նախարար և փոխվարչապետ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարը ներկայացրել է նոր հայեցակարգ, որը ենթադրում է պատրաստված պահեստազորայինների կանոնավոր մասնակցություն զորավարժություններին։ Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ զինվորականների, տարածքային պաշտպանության ուժերի և ծառայության այլ տեսակների միավորումը կապահովի զորահավաքի պատրաստ բանակի արագ ձևավորումը։
Ինչպես նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, պահեստազորում ընդգրկվելը նախատեսում է մի շարք արտոնություններ, ներառյալ վճարում մարզումների համար և հասանելիություն հատուկ դասընթացներին։ Ծառայել կարող են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք՝ հավասար պայմաններով։
Լեհաստանի կառավարության կողմից մեկնարկած ռազմական պատրաստության պիլոտային ծրագրի շրջանակներում արդեն ուսուցում է անցել ավելի քան 16 հազար մարդ։ Նախարարը հատուկ ընդգծել է, որ կանանց մասնակցությունը գրեթե չի զիջել տղամարդկանց ակտիվությանը, իսկ մասնակիցների ամենամեծ խումբը 36-ից 45 տարեկան անձինք են։ Ամենատարեց մասնակիցը 91 տարեկան է, ով ավարտել է կիբերանվտանգության դասընթացը։ Կանանց շրջանում ամենատարեցը 80-ամյա մասնակիցն էր, ով անցել է գոյատևման դասընթաց։