Վրաստանը ծրագրում է 2030-ին ավարտել Հայաստանի հետ սահմանի ճանապարհահատվածի շինարարությունը

Վրաստանը ծրագրում է 2030 թվականին ավարտել Հայաստանի հետ սահմանի ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:


Խոսքը Ալգետի-Սադախլո հատվածի մասին է, որը տանում է դեպի հայ-վրացական սահմանի երեք գործող անցակետերից մեկը՝ Սադախլո-Բագրատաշենը։ Նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Ադրբեջանի ուղղությամբ  Ռուսթավի-Կարմիր կամուրջ հատվածների շինարարությունը, ինչպես նաև կառուցել Բաթում-Սարպի ճանապարհը, որը տանում է դեպի Թուրքիայի սահման։


Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի տարածքով տարանցումը հատուկ դեր է խաղում տնտեսության զարգացման մեջ՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերը։


«Մենք ձգտում ենք առավելագույնս օգտագործել մեր երկրի ռազմավարական դիրքը։ Մեր նպատակներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ գործառույթների զարգացումն է»,- հայտարարել է Կոբախիձեն։


Վրաստանի վարչապետի խոսքով՝ այս ուղղությամբ կատարվում են խոշոր ներդրումներ։