Մարգարա-Ալիջան սահմանային անցակետում աշխատանքները արագացել են. Իգդիրի նահանգապետը ծանոթացել է աշխատանքներին

Ալիջանի (Մարգարա) սահմանային անցակետի համար նախապատրաստական ​​աշխատանքները արագացել են, որը, ինչպես սպասվում է, կդառնա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևոր կամուրջներից մեկը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։


Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարը տեղում ծանոթացել է սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին: Ինտենսիվ աշխատանքներ են տարվում 1993 թվականից փակված անցակետը վերջնականապես բացելու ուղղությամբ։ Նահանգապետը տեխնիկական խմբի ուղեկցությամբ զննել է սահմանի երկայնքով գտնվող շինություններն ու անցման երթուղիները և ընդգծել, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել սեղմ ժամկետներում։