Վաշինգտոնն ու Կիևը քննարկել են մարտին ՌԴ-ի հետ պատերազմը դադարեցնելու և ընտրություններ անցկացնելու տարբերակը․ Reuters

Ըստ երեք աղբյուրների՝ ամերիկացի և ուկրաինացի բանակցողները քննարկել են հավակնոտ մի նպատակ՝ մարտ ամսին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կարգավորման համաձայնագրի ձեռքբերումը, հայտնում է Reuters-ը:


ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքում քննարկվող սխեմայի համաձայն՝ ցանկացած համաձայնագիր կդրվի ուկրաինացի ընտրողների հանրաքվեին, որոնք միաժամանակ կմասնակցեն համապետական ընտրություններին,  հայտնել է հինգ աղբյուր:


Երկու աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկացի բանակցողները հայտարարել են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա ներքին գործերի վրա՝ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները խաղաղության համաձայնագիր կնքելու համար ավելի քիչ ժամանակ և քաղաքական կապիտալ կունենան:


Երկու աղբյուր հայտնել են, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են մայիսին ընտրություններ և հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:


Սակայն բանակցությունների ընթացքին իրազեկ մի քանի աղբյուրներ ԱՄՆ-ի առաջարկած ժամանակացույցն անվանել են «անիրատեսական»: Ուկրաինայի ընտրական մարմինները կանխատեսում են, որ ներկա պայմաններում ընտրությունների կազմակերպումը կտևի մոտ վեց ամիս: