Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոննը ԱՄԷ-ում ընթացող Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների ֆոնին «աննկատ» այցելել է Մոսկվա:
Ֆրանսիական լրատվամիջոցները պնդում են, որ նա հանդիպել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ: «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնել է, որ Մակրոնը ծրագրում է զանգահարել Պուտինին և «տրամադրված է արդյունքի հասնելու»:
Միևնույն ժամանակ, Լատվիան և Էստոնիան աջակցել են Կրեմլի հետ շփումները վերսկսելու և այդ նպատակով եվրոպական հատուկ բանագնաց նշանակելու գաղափարին: Ռուսաստանի ԱԳՆ-ում կարծում են, որ Եվրոպան ցանկանում է պահպանել իր «տեղը բանակցությունների սեղանի շուրջ»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննը փետրվարի 3-ին այցելել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով. գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Բոննը, ով 2019 թվականից գլխավորում է Մակրոնի դիվանագիտական գրասենյակը, հանդիպել է Կրեմլի պաշտոնյաների հետ... Նպատակն է երկխոսություն հաստատել առանցքային հարցերի, և նախևառաջ՝ Ուկրաինայի շուրջ», — նշված է հրապարակման մեջ:
Ըստ L'Express-ի տեղեկությունների՝ Բոննի այցը Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Աբու Դաբիում ընթացող բանակցությունների ֆոնին անցել է «աննկատ»: Պարբերականը պնդում է, որ դիվանագետը հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ:
«ՏԱՍՍ»-ի ֆրանսիական աղբյուրն ընդգծել է, որ Մակրոնը ցանկանում է զանգահարել Վլադիմիր Պուտինին: Նրա խոսքով՝ բովանդակալից զրույցի նախապատրաստումը կտևի մի քանի օր: Ֆրանսիայի առաջնորդը «տրամադրված է արդյունքի հասնելու», հավելել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Մակրոնը հայտարարել էր ԵՄ-ի և Ռուսաստանի միջև երկխոսություն հաստատելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել էր, որ շփումների վերականգնումը բխում է Ֆրանսիայի և եվրոպական այլ պետությունների շահերից: Հետագայում նրա դիրքորոշմանն աջակցել էր նաև Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին: