Լիտվան ուժեղացնում է վերահսկողությունը. Կալինինգրադի տարանցիկ ճանապարհին ՌԴ քաղաքացիների նկատմամբ կկիրառվի նոր կարգ․ ELTA

Լիտվան նոր կարգ է հաստատել, որով ուժեղացվում է վերահսկողությունը ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ովքեր տարանցիկ անցնում են Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադի մարզ։ Այս մասին հայտնում է ELTA գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի հրամանին։


Այսուհետ Պետական սահմանի պահպանության ծառայությունը, Լիտվայի ոստիկանությունը և Հասարակական անվտանգության ծառայությունը համակարգված կերպով կիրականացնեն տարանցիկ երթևեկության վերահսկողությունը և կարձագանքեն միջադեպերին։


«Ցանկացած միջադեպ, որը կապված է Կալինինգրադի տարանցիկ երթևեկության հետ, կլինի ծառայությունների արձագանքման առաջնահերթությունը։ Մեր նպատակն է, որ ծառայությունները օպերատիվ արձագանքեն ցանկացած խախտման կամ կասկածելի իրավիճակի դեպքում»,- մեջբերում է գործակալությունը Կոնդրատովիչի խոսքերը։


Նոր վերահսկողության կարգը կուժեղացնի միջգերատեսչական տեղեկատվության փոխանակումը, իսկ ծառայությունները համատեղ զորավարժություններ կանցկացնեն գործողությունների ներդաշնակությունն ապահովելու համար։