«Հագուստի նորն է լավ, ընկերների՝ հինը». Պուտինը՝ Կիմ Չեն Ընին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր այցը Ռուսաստան կարևոր պահ կծառայի Փհենյանի և Մոսկվայի միջև կապերը ռազմավարական համագործակցության անխախտելի հարաբերությունների վերածելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ընկեր Պուտինի հետ խորությամբ քննարկեցինք Կորեական թերակղզում ու Եվրոպայում ռազմաքաղաքական իրավիճակը և գոհացուցիչ միասնական կարծիքի հանգեցինք ռազմավարական, մարտավարական համագործակցության հետագա ամրապնդման, անվտանգության ինքնիշխան իրավունքը պաշտպանելու համար պայքարի համերաշխ աջակցության, թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում կայուն խաղաղության երաշխիքների ստեղծման հարցերում»,- ասել է նա։  

Իր հերթին ՌԴ նախագահը նշել է, որ Կիմ Չեն Ընը հանրապետության նախկին բարձրագույն ղեկավարներ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի աշխատանքների շարունակողն է, նրանք եղել են անկեղծ ընկերներ և ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ կառուցելու կողմնակիցներ։  
«Դուք՝ ընկեր Կիմ Չեն Ըն, հաստատակամորեն և վստահորեն հետևում եք ականավոր պետական գործիչների՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հիմնադիրների որդեգրած ուղուն... Կորեայում կա մի ասացվածք. «Հագուստի նորն է լավ, ընկերների՝ հինը»: Իսկ մեր ժողովուրդն ասում է. «Հին ընկերն ավելի լավ է, քան երկու նորը»: Այս ժողովրդական իմաստությունը լիովին կիրառելի է մեր երկրների միջև ժամանակակից հարաբերությունների համար»,- ասել է Պուտինը Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ հանդիպմանը:

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գրեթե չորս ժամ տևած բանակցությունները, որոնք տեղի են ունեցել այսօր «Արևելյան» տիեզերակայանում, ավարտվել են։ Նրանք շփվել են պատվիրակությունների անդամների հետ, առանձին-առանձին, բայց թարգմանիչներով, իսկ հետո՝ ճաշի սեղանի շուրջը։ Ի պատիվ Կիմ Չեն Ընի Ռուսաստան կատարած այցի՝ Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ։