Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Ադրբեջանին՝ կապված Ռուսաստանի նոր տարածաշրջաններում ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունների հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասում անցկացված «վերջին «ընտրությունները» (ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներում) չեն համապատասխանում այդ չափանիշներին, նրանք չունեն իրավական ուժ»։
«Իմ մեջ հարց է առաջացրել այս մեկնաբանությունը: Ինչի՞ համար է դա, ինչո՞ւ, որովհետև նման գնահատականները մեր կողմից չեն կարող ընդունվել։ Դրանք անընդունելի գնահատականներ են և չեն համապատասխանում մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մակարդակին։ Ուստի Ադրբեջանի դեմ դիվանագիտական դեմարշ է իրականացվել»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Բաքուն պետք է Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի այն նույն հարգանքով, ինչ նրանք են ակնկալում Ռուսաստանի Դաշնությունից, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
«Կարծում եմ, որ մեր ադրբեջանցի ընկերները շատ լավ գիտեն մեր տարածաշրջանների պատմությունը: Ընդ որում, գիտեն ոչ թե լրատվամիջոցներից, այլ մեր համատեղ անցյալից: Ուստի նրանք հնարավորություն ունեին այս գործընթացը դիտարկելու ուղղակի պատմական համատեքստում»,- ասել է Զախարովան:
Մոսկվան ելնում է նրանից, որ հենց այս ըմբռնմամբ պետք է ծնվի մեկնաբանությունների համար համապատասխան քաղաքական հիմքը։