Այդ գործընթացը կապված է «մի շարք զգայուն հարցերի» հետ. ԵՄ-ն՝ Աղդամով ԼՂ ռուսական հումանիտար բեռների առաքման մասին
Աղդամ-Ասկերան ճանապարհի բացումը պետք է լինի քայլ, որը պետք է օգնի Լաչինի միջանցքի բացմանը: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Կասինջեի հայտարարության մեջ։

Երեքշաբթի օրը Ասկերանով Ստեփանակերտ է ժամանել ռուսական Կարմիր խաչի բեռնատարը՝ հումանիտար օգնությամբ։ Առաքվել է ընդհանուր առմամբ 15 տոննա սննդամթերք (ալյուր, շաքարավազ, ձավարեղեն, մակարոնեղեն, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ), անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։ 

«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման, ինչպես նաև ընդգծում ենք մատակարարման այլ ուղիների օգտավետությունը՝ ի շահ տեղի բնակչության»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Ղարաբաղում իրավիճակը կտրուկ վատթարանում է, ուստի անհրաժեշտ է կազմակերպել կենսական նշանակություն ունեցող ապրանքների առաքումը Ղարաբաղի հայ բնակչությանը։ ԵՄ-ն շահագրգիռ կողմերին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ գործարկելու և Լաչինի, և Աղդամ-Ասկերան ճանապարհները, ասվում է հայտարարության մեջ։

Անդրադառնալով Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական հումանիտար բեռների առաքմանը՝ ԵՄ-ն նշում է, որ այս գործընթացը կապված է «մի շարք զգայուն հարցերի» հետ, և ակնկալում է, որ դրան կհետևի կանոնավոր հումանիտար մատակարարումների վերականգնումը տեղի բնակչության համար։

Ճգնաժամը շատ երկար է ձգվել, ուստի կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ հումանիտար հասանելիության համար, այդ թվում՝ աշնան և ձմռան ամիսներին: 

Եվրամիությունն առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալում է նոր կոնկրետ քայլեր՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության, վերջիններիս իրավունքների և անվտանգության, հաշտեցման համար ջանքերի պայմանների վերաբերյալ և ընդհանրապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ։