Ուկրաինայի կողմից տարածքային զիջումները Ռուսաստանին «Մոսկվայի կողմից լարված թակարդ են», BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Բոլոր խոսակցությունները այն մասին են, թե ինչ պետք է հանձնի Ուկրաինան,
ինչ զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան։ Մինչդեռ մենք մոռանում ենք, որ
Ռուսաստանը չի գնացել ոչ մի զիջման։ Եթե մենք ընկնենք այս թակարդը, եթե ճնշում
գործադրենք Ուկրաինայի վրա զիջումների առումով, ապա այս իրավիճակը կկրկնվի, քանի
որ ագրեսիան պարգևատրված կլինի»,- նշել է Կալասը։
Դիվանագետի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայի
գագաթնաժողովից «ստացավ այն ամենը, ինչ ուզում էր». նրան ընդունեցին պատվով, իսկ
Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ չսահմանեց։
Կալասը նաև մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
բանակցությունները։ Նրա խոսքով՝ «այս փուլում առայժմ քիչ են հստակ քայլերը»։
«Ամենահուսալի անվտանգության երաշխիքը ուժեղ ուկրաինական բանակն է»,- ասել է
նա։