«Ուկրաինական զորքերն իրենք չեն լքի իրենց վերահսկողության տակ մնացող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում՝ Ալյասկայում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից երեք օր առաջ։
«Մենք չենք հեռանա Դոնբասից. մենք չենք կարող
դա անել։ Բոլորը մոռանում են առաջին մասը՝ մեր տարածքները անօրինականորեն
օկուպացված են։ Ռուսների համար Դոնբասը պլացդարմ է հետագա նոր հարձակման համար։
Եթե մենք հեռանանք Դոնբասից մեր սեփական կամքով, կամ մեզ ճնշեն, կբացենք երրորդ
պատերազմը»,- ընդգծել է Զելենսկին։
«Իհարկե, ես կցանկանայի տեսնել Ամերիկայի
դիրքորոշումը՝ հաշվի առնելով, թե ինչպես է սկսվել ամեն ինչ՝ մեր տարածքը օկուպացրել
են, ուկրաինացիներին սպանում են, և դրանից հետո ինձ ասում են. «Լսիր, ուզո՞ւմ ես,
որ քեզ հետո էլի չսպանեն։ Պետք է դուրս գալ»։ Իսկ ի՞նչ անվտանգության երաշխիքներ
կան։ Հեռանալ Դոնեցկի մարզի՞ց։ Իսկ ի՞նչ փոխզիջում կա։ Կլինե՞նք մենք ՆԱՏՕ-ում։
ԵՄ-ում։ Ես ոչինչ չեմ լսել՝ պարզապես ոչ մի առաջարկ, որը կերաշխավորեր, որ վաղը
նոր պատերազմ չի սկսվի, և Պուտինը չի փորձի օկուպացնել առնվազն Դնեպրը, Զապորոժիեն
և Խարկովը։ Նա արդեն երկու անգամ պատերազմներ է սկսել Ամերիկայի տարբեր
նախագահների օրոք, ի՞նչը նրան կպահի երրորդ պատերազմից»,- Զելենսկիի խոսքերն է
մեջբերում «Ուկրինֆորմ» գործակալությունը։
Երեքշաբթի ավելի վաղ Զելենսկին հայտարարել
էր, որ Կիևը չի ճանաչի Ալյասկայում ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովում Ուկրաինայի
վերաբերյալ որոշումները: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր
Պուտինի հանդիպումը Ալյասկայում կարող է նշանակություն ունենալ միայն ԱՄՆ-ի և
Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների համար: Զելենսկին հանդիպման փաստն ինքնին անվանել
է Պուտինի «անձնական հաղթանակ»: