«Ռուսական ազդեցությունից պետք է մաքրել ամեն ինչ». Զելենսկին՝ վիճահարույց օրենքի ընդունման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի լույս 23-ի գիշերը արձակած տեսաուղերձում հայտարարել է, որ խորհրդակցություն է անցկացրել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության ղեկավարների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել այն օրենքի ընդունման ֆոնին, որի համաձայն՝ վերոնշյալ գերատեսչությունները կորցնում են իրենց անկախությունը և սկսում են ենթարկվել գլխավոր դատախազության գրասենյակին։


 «Հակակոռուպցիոն ենթակառուցվածքը կաշխատի, բայց առանց ռուսական ազդեցության՝ դրանից պետք է մաքրվի ամեն ինչ։ Եվ պետք է ավելի շատ արդարադատություն լինի»,- իր ուղերձում հայտարարել է Զելենսկին։


Նրա խոսքով՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը կաշխատեն, իսկ գլխավոր դատախազը ձգտում է «իրապես ապահովել պատժի անխուսափելիությունը նրանց համար, ովքեր կգնան օրենքին դեմ»։