Ուկրաինան առաջարկել է արտասահմանյան զենք արտադրողներին փորձարկել իրենց նորագույն զինատեսակները Ուկրաինայի ռազմաճակատում։ Reuters-ի հաղորդմամբ, «Test in Ukraine» («Փորձարկում Ուկրաինայում») ծրագրի շրջանակում, ընկերությունները կարող են ուղարկել իրենց արտադրանքը Ուկրաինա, անցկացնել առցանց ուսուցում ուկրաինացի զինվորականների համար, և ստանալ զեկույցներ դրանց կիրառման վերաբերյալ մարտական պայմաններում։
Ծրագիրը համակարգվում է Brave1 պետական հարթակի կողմից, որը ստեղծվել է Ուկրաինայի կառավարության կողմից՝ պաշտպանական ներդրումների և գնումների նպատակով։ Brave1-ի ներդրողների հետ կապերի ղեկավար Արտեմ Մորոզը հայտնել է, որ արտասահմանյան ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ, սակայն չի նշել, թե որ ընկերություններն են պատրաստ միանալ նախաձեռնությանը։
Մորոզի խոսքով՝ Brave1-ը առաջնահերթ տեխնոլոգիաների ցանկ ունի։ «Գլխավորներից մեկը կլինի հակաօդային պաշտպանությունը, օրինակ՝ ՀՕՊ-ի նոր միջոցներ, անօդաչու թռչող սարք-որսիչներ, արհեստական բանականությամբ կառավարվող համակարգեր, պլանավորող ռումբերի դեմ բոլոր լուծումները», - ասել է նա։
Բացի այդ, Brave1-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Ուկրաինայի համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ջրային անօդաչու սարքերը և կրակի կառավարման կատարելագործված համակարգերը՝ արհեստական բանականության կիրառմամբ։