«Եվրոպայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեծ ռիսկ կա». Ֆրանսիայի Ազգային ռազմավարական ամփոփագիր

Առաջիկա տարիների հեռանկարում՝ մինչև 2030 թվականը, Ֆրանսիան կարող է բախվել «բաց պատերազմի Եվրոպայի հենց սրտում», իսկ Ռուսաստանը ներկայացնում է երկրի շահերի «ամենամեծ սպառնալիքը»: Այս մասին ասվում է Ֆրանսիայի Ազգային ռազմավարական ամփոփագրում, որը հրապարակվել է  հուլիսի 14-ին:


Ամփոփագիրը որոշարկում է Ֆրանսիայի ռազմավարությունը պաշտպանական ոլորտում: Դրանում շարադրված է այն նպատակը, որին պետք է հասնել մինչև 2030 թվականը՝ երկրի անվտանգությունը երաշխավորելու համար: Ռուսաստանը, ինչպես ասվում է փաստաթղթում, «այսօր և առաջիկա տարիներին ներկայացնում է ամենամեծ ուղղակի սպառնալիքը Ֆրանսիայի, նրա գործընկերների և դաշնակիցների շահերին, ինչպես նաև եվրոպական մայրցամաքի և եվրաատլանտյան տարածքի կայունությանը»:

Մասնավորապես, Ռուսաստանը «օգտագործում է բոլոր միջոցները՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը խաթարելու համար», ինչպես նաև Եվրոպայում ձեռնարկում է «թշնամական և դիվերսիոն գործողություններ, կազմակերպում է կամ թաքստոց տրամադրում կիբերհարձակումների համար, հետապնդում է և սպանում վտարանդի ընդդիմադիր գործիչներին, փորձում է միջամտել ընտրություններին, ազդել հասարակական կարծիքի վրա՝ անկայունացման նպատակով»,- ասվում է ամփոփագրում։


Առաջիկա տարիների հեռանկարում և մինչև 2030 թվականը ամփոփագրում հիմնական սպառնալիք է համարվել Եվրոպայում «բարձր ինտենսիվությամբ լայնածավալ պատերազմի» ռիսկը։ «Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի տարածքը կարող է դառնալ լայնածավալ հիբրիդային հարձակումների թիրախ»,- նշվում է փաստաթղթում։ Անհրաժեշտ է պատրաստվել նման սցենարի. Ֆրանսիան և եվրոպացիները «պետք է կարողանան ավելի լավ պաշտպանվել և զսպել Ռուսաստանի կողմից մայրցամաքում ցանկացած նոր ագրեսիա»։