Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր

Ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին:


Լվովում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և մի քանի տներ, մանկապարտեզ, տասնյակ ավտոմեքենաներ:


Խափանվել է տրոլեյբուսային երեք երթուղու երթևեկությունը, վնասվել է երկու արդյունաբերական օբյեկտ։


Չեռնովցիում դրոնների և հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով երկու տեղացի է զոհվել, 14 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնել է մարզի ղեկավար Ռուսլան Զապարանյուկը: Քաղաքում վնասվել են բնակելի տներ, խանութներ, վարչական շենքեր և ավտոմեքենաներ։


Լուցկում ավերվել է մասնավոր բնակելի շենք, ևս մի քանի տներում կոտրվել են ապակիները, այրվել է մեկ ավտոմեքենա: Զոհերի մասին տեղեկություններ չկան։


Խարկովում էլ վնասվել է ձեռնարկություն, բազմաբնակարան շենք, բարձրագույն կրթության հաստատություն, ավտոտնակ, երեք ավտոմեքենա: Վիրավորվել է չորս մարդ: