Լեռնային Ղարաբաղ. «Մարդիկ ուշաթափվում են հացի հերթում». BBC news-ի անդրադարձը
Նրանք այն անվանում են «Կյանքի ճանապարհ», քանի որ այն միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ:

Սակայն մոտ ինը ամիս է, ինչ Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի հետևանքով տարածաշրջանում սննդի, դեղորայքի, հիգիենայի ապրանքների և վառելիքի խիստ պակաս կա:

18-ամյա Հայկը (կեղծանուն) կանգնած է Գորիսի համեստ հյուրանոցի պատշգամբում՝ Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում և տեսազանգով խոսում է մոր հետ։

«Ոչ ձու, ոչ շաքարավազ, ընդհանրապես քաղցրավենիք չկա, հացը հաշվարկով են բաշխում, օրերս ժամը 04:00-ին վեր կացա, որ հերթ կանգնեմ»,- ասում է մայրը Ղարաբաղի Մարտակերտ քաղաքից:

Հայերը չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին Լաչինի միջանցքի մյուս կողմում, քանի որ այն դեկտեմբերից արգելափակված է Ադրբեջանի կողմից։

Ոչ մի անկախ լրատվամիջոց չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ: Սոցցանցերում շրջանառվում են դատարկ խանութների լուսանկարներն ու տեսանյութերը։

«Մարդիկ ժամերով հերթեր են կանգնում նվազագույն սննդի չափաբաժիններ ստանալու համար: Մարդիկ ուշաթափվում են հացի հերթերում»,- պատմում է տեղացի լրագրող Իրինա Հայրապետյանը ձայնային հաղորդագրության մեջ:

«Մենք տրանսպորտի համար վառելիք չունենք, և մարդիկ ստիպված են երկար կիլոմետրեր քայլել ոտքով, որպեսզի հերթեր կանգնեն և գնեն այն, ինչ կարող են՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար»:

Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները նշում են, որ մահացության յուրաքանչյուր երրորդ դեպքը տեղի է ունենում թերսնման պատճառով:

«Ես դեպք գիտեմ, երբ հղի կինն իր երեխային կորցրել է, քանի որ բենզին չի եղել, որ հիվանդանոց տեղափոխեն»,- ասում է Հայկի մայրը։

Նա խոսում է մարտ ամսից ի վեր գազ չունենալու, վառելիքի, դեղորայքի, նույնիսկ շամպունի և հոսանքի կանոնավոր անջատումների մասին: Ձմռան գալու հետ իրավիճակը ավելի կվատանա։

Նրա որդին ատելություն, վախ ու հուսահատություն է զգում. «Որովհետև ես հասկանում եմ, որ վաղ թե ուշ իմ տունը, իմ քաղաքը, իմ երկիրը կվերցնի Ադրբեջանը»։

Չնայած մշակութային առումով այդքան ընդհանրություններին, հարավկովկասյան երկու պետությունները՝ Հայաստանը և Ադրբեջանը, տասնամյակներ շարունակ պայքարել են այս հողի վերահսկողության համար՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած պատերազմներում:

2020 թվականի վերջին վեցշաբաթյա պատերազմում Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր տարածքները, որոնք գտնվում էին Հայաստանի հսկողության տակ 1994 թվականից ի վեր։

Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարը հիմնված էր ռուս խաղաղապահների տեղակայման վրա՝ երաշխավորելու հայերի անվտանգությունը և վերահսկելու Լաչինի միջանցքը՝ թույլ տալով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև:

Սակայն, երբ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, Ադրբեջանը անցած դեկտեմբերին կառավարության կողմից աջակցվող բնապահպան ակտիվիստների հետ փակել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային մայրաքաղաք Ստեփանակերտի ճանապարհը։

Ապրիլին Ադրբեջանը Լաչինի միջանցքում տեղադրեց իր ռազմական անցակետը՝ արդարացնելով իր «ինքնիշխան իրավունքը» և «տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը»։ Այն մեղադրել է Հայաստանին ռազմական պաշարներ բերելու ճանապարհն օգտագործելու մեջ, ինչը Հայաստանը հերքում է։

Լեռնային Ղարաբաղ մուտք գործած միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է։ Թեև բժշկական տարհանումներ է իրականացրել, սակայն չի կարողացել երաշխավորել անվտանգ անցումը, ինչպես պարզել է Խաչատրյանների ընտանիքը հուլիսի 29-ին։ Դա այն օրն էր, երբ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին տեղափոխում էին Երևան՝ սրտի հիվանդության անհետաձգելի վիրահատության համար։

«Երբ նրանք մոտեցան ադրբեջանական անցակետին, ասացին, որ պետք է 10 րոպեով տանեն, որ մի քանի հարց տան»,- ասում է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ «Իմ հորը տարել են Կարմիր խաչի աշխատակցի հետ, մի քանի րոպե անց Կարմիր խաչի աշխատակիցը վերադարձել է, բայց հորս տարել են անհայտ ուղղությամբ»։

Մանրամասն՝ bbc.com