Եվրոպան, ամերիկացի սենատորների հետ համակարգված և ֆրանսիական առաջարկների հիման վրա, պատրաստվում է Ռուսաստանի դեմ վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցները սահմանել։ Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Նա պարզաբանել է, որ այդ պատժամիջոցները կոչված են «ուղղակիորեն արգելափակելու այն ռեսուրսները», որոնք թույլ են տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շարունակել Ուկրաինայի դեմ պատերազմը։
«Մենք ցանկանում ենք, որ Վլադիմիր Պուտինը վերջապես համաձայնի հրադադարի, քանի որ մենք տեսնում ենք, որ այն պահից ի վեր, ինչ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջարկեց 30-օրյա հրադադար (...), Ուկրաինայի վրա ռուսական հարվածները հինգ անգամ ավելացել են», - Բարոյի խոսքերը մեջբերում է ֆրանսիական TF1 Info հեռուստաալիքն իր կայքում։
«Դա չի կարող շարունակվել, դա պետք է դադարեցվի», - ընդգծել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը՝ նկատի ունենալով Ուկրաինայի դեմ կործանարար ռուսական հարձակումները, որոնց հետևանքով տուժում են քաղաքացիական օբյեկտներ և զոհվում խաղաղ բնակիչներ։
Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ԵՄ-ն արդեն ընդունել է պատժամիջոցների 17 փաթեթ։ 18-րդ փաթեթը, որը նախատեսում էր ռուսական նավթի գնային շեմը 60-ից մինչև 45 դոլար իջեցնել մեկ բարելի դիմաց և արգելել գործարքները «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների հետ, նախատեսվում էր հաստատել հունիսի վերջին, սակայն Սլովակիայի դիրքորոշման պատճառով այն չհաջողվեց համաձայնեցնել և հետաձգվեց։