ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հնարավոր մահվան մանրամասները։
«Ես հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց ես զարմացած չեմ»,- ասել է Բայդենը։ Լրագրողների հարցին՝ համարո՞ւմ է նա արդյոք Վլադիմիր Պուտինին ինքնաթիռի կործանման պատասխանատու, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ռուսաստանում շատ բան է կատարվում, որի հետևում կանգնած է Պուտինը: Ես բավարար տեղեկություն չունեմ պատասխանելու համար»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզում կործանվել է «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռը։ Ռոսավիացիայի տվյալներով՝ ուղևորների ցուցակում են եղել բիզնեսմենը և մասնավոր ռազմական ընկերության հրամանատար Դմիտրի Ուտկինը։
Grey Zone Telegram-ալիքը, որը կապված է մասնավոր ռազմական ընկերության հետ, հայտնել է, որ Պրիգոժինը և Ուտկինը զոհվել են:
Վարձկանների հետ կապված մեկ այլ ալիք կոչ է արել չհրապարակել Պրիգոժինի ճակատագրի մասին չճշտված տեղեկություն։
Պրիգոժինի ինքնաթիռը կործանվել է մասնավոր ռազմական ընկերության հիմնադրի ապստամբությունից ուղիղ երկու ամիս անց։