Թրամփի հետ հանդիպման ժամանակ կքննարկվի պաշտպանական նոր փաթեթի հարցը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման ընթացքում նախատեսում է քննարկել պաշտպանական նոր փաթեթի հարցը, որն Ուկրաինան պատրաստ է գնել։ Այս մասին նա նշել է Վիեննայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտնում է «Украинская правда»-ն։


«Այդ հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերից մեկն էլ պաշտպանական փաթեթին է վերաբերում, որը Ուկրաինան պատրաստ է գնել», — ասել է Զելենսկին։


Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ Թրամփը նախատեսում է բանակցություններ անցկացնել Զելենսկու հետ՝ Կանադայում անցկացվող Մեծ յոթյակի (G7) գագաթնաժողովի շրջանակում։ Բացի այդ, նախատեսված է նրա հանդիպումը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։


G7-ի գագաթնաժողովը, որին մասնակցում են ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, տեղի է ունենում հունիսի 15–17-ը՝ Կանադայի Ալբերտա նահանգի Կանանասկիս հանգստյան գոտում։ Թրամփը արդեն ժամանել է Կանադա՝ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։