Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հունիսի 9-ին Chatham House վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ընթացքում։
«Ռուսաստանը կարող է պատրաստ լինել ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի դեմ հինգ տարում», — ընդգծել է Ռյուտտեն։
Նա նշել է, որ Մոսկվան արագացնում է ռազմական արտադրությունը, և եթե այս տեմպերը շարունակվեն, հինգ տարի անց Ռուսաստանը կարող է ագրեսիա սկսել ՆԱՏՕ-ի դեմ։
Ռյուտտեն նաև ընդգծել է, որ Ռուսաստանը սերտ համագործակցում է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ, և այս երկրներն ակտիվորեն ընդլայնում են իրենց զինված ուժերը։
«Պուտինի ռազմական մեքենան արագանում է, այլ ոչ թե դանդաղում։ Ռուսաստանը վերականգնում է իր ուժերը չինական տեխնոլոգիաների օգնությամբ և արտադրում ավելի շատ զենք, քան մենք կարծում էինք», — հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմական արտադրության տեմպերով զգալիորեն գերազանցում է ՆԱՏՕ-ի երկրներին։ Ըստ գնահատականների, Ռուսաստանը երեք ամսում արտադրում է այնքան զինամթերք, որքան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին՝ մեկ տարվա ընթացքում։
«Մենք չպետք է ինքներս մեզ խաբենք։ Մենք բոլորս այժմ գտնվում ենք արևելյան ճակատում։ Ռուսաստանի նոր սերնդի հրթիռները շարժվում են ձայնի արագությունը բազմակի գերազանցող արագությամբ։ Եվրոպական մայրաքաղաքների միջև հեռավորությունը հաշված րոպեներ է։ Այժմ այլևս չկա Արևելք կամ Արևմուտք։ Կա միայն ՆԱՏՕ», — նշել է Ռյուտտեն։