Գերմանիայի նոր կանցլերը չի կարողացել ստանալ Թրամփի աջակցությունը․ Մերցի այցի մանրամասները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով համոզել նրան ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ Սակայն, ըստ The New York Times-ի, Մերցին չի հաջողվել ստանալ Թրամփի հստակ խոստումներ՝ կապված նոր պատժամիջոցների կամ զենքի մատակարարման հարցերի հետ։


Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 1-ին Ուկրաինայի կողմից Ռուսաստանի օդանավակայանների վրա հարձակման ֆոնին, որը, ըստ The Atlantic-ի, դժգոհություն է առաջացրել ԱՄՆ ղեկավարության շրջանում։ Վաշինգտոնում նույնիսկ քննարկվում է Կիևին մատակարարվող զենքի կրճատման հարցը։


Թրամփը խուսափել է կոնկրետ խոստումներից



Բեռլինում այս հանդիպումը համարում էին որոշիչ պահ Ուկրաինայի համար։ Ըստ NYT-ի աղբյուրների, Մերցի հիմնական նպատակը Վաշինգտոնում եղել է Թրամփին համոզել, որպեսզի մեծացնի Ռուսաստանի վրա ճնշումը, կիրառի նոր պատժամիջոցներ, ինչպես նաև մեծացնի Ուկրաինայի ռազմական աջակցությունը։ Սակայն Թրամփը որևէ կոնկրետ խոստում չի տվել։


Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը Ուկրաինայի հակամարտությունը համեմատել է հոկեյի խաղի ընթացքում ծեծկռտուքի հետ՝ նշելով, որ կողմերին արժե թույլ տալ «որոշ ժամանակ կռվել, իսկ հետո բաժանել նրանց»։


Թրամփը գոհ է Գերմանիայի ռազմական ծախսերի ավելացումից



Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Եվրոպայի վերազինման հարցը։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի երկրներում ռազմական ծախսերի աճը։


Մերցը պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի առաջարկը, որի համաձայն Պաշտպանական ծախսերը կազմեն ՀՆԱ-ի 3,5%-ը, իսկ 1,5%-ը ուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը։ Թրամփը ողջունել է Գերմանիայի ռազմական ծախսերի ավելացումը, բայց զերծ է մնացել Ռյուտեի առաջարկի վերաբերյալ մեկնաբանություններից։


Մերցի և Թրամփի հանդիպումը՝ առանց կոնֆլիկտի



NYT-ի տվյալներով, Գերմանիայի իշխանությունները մտահոգված էին, որ հանդիպումը կարող է վերածվել բախման, ինչպես տեղի էր ունեցել Թրամփի և Զելենսկու, ինչպես նաև Թրամփի և Ռամաֆոսայի միջև։


Այդ պատճառով Մերցը Վաշինգտոն էր ժամանել նվերներով և բացառել կոնֆլիկտային թեմաները։ Focus ամսագիրը նշում է, որ Մերցը խոսել է ընդամենը 3 րոպե 50 վայրկյան, մինչդեռ Թրամփի ելույթը տևել է 36 րոպե, և հանդիպումը վերածվել է «մեկ անձի շոուի»։