«Լաչինի ճանապարհը փակ չէ». Ադրբեջանը բացահայտ ստելով՝ փորձել է հակադարձել Ֆրանսիային
Ադրբեջանը «անհիմն» է համարում իր դեմ ուղղված Ֆրանսիայի մեղադրանքը, որը ֆրանսիական կողմը հնչեցրել է երեկ՝ օգոստոսի 15-ին, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև կայացած հեռախոսազրույցի արդյունքում արված հայտարարության ժամանակ: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Կապված այն պնդումների հետ, թե իբր Ադրբեջանը Լաչինի ճանապարհը շրջափակման մեջ է պահում, ինչի հետևանքով հայ բնակիչները կանգնած են լուրջ հումանիտար ճգնաժամի առաջ, հերթական անգամ հիշեցնում ենք, որ անհեթեթություն է սահմանային անցակետի գործունեությունը ներկայացնել որպես շրջափակում, որը ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև Հայաստանի կողմից ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով դրա օգտագործումը կանխելու համար՝ համապատասխան Ադրբեջանի պարտավորություններին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հակտարարության մեջ։

Ադրբեջանը կրկին հիշեցրել է Աղդամի ճանապարհն օգտագործելու իր առաջարկը և նշել. «Ֆրանսիական կողմը քաջատեղյակ է, որ եթե հայ բնակիչներն իրոք կարիք ունեն ամենօրյա ապրանքների, դրա համար ադրբեջանական կողմն առաջարկել է Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ»: