Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը «աշխարհաքաղաքական գործ» համարող նրա թիմակիցները՝ որդին, փաստաբանն ու վերջինիս փաստացի ղեկավարմամբ գործող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը, օրերս ասուլիսում ազդարարեցին երկրորդ նախագահին կալանավորելու, «արանքից հանելու», եթե կուզեք՝ լիկվիդացնելու իրական մոտիվը՝ վասնզի Քոչարյանը պատրաստվում էր դիմադրել՝ նորից ու վերստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ավելի ստույգ՝ նրա կողմից առաջիկայում կատարվելիք «հերթական զիջումներին»։ Եվ ահա, իշխանությունը «մի ոտ շուտ» կալանավորեց նախկին նախագահին, որ ազատ ձեռքերով իրագործի իր «դավադիր պլանը»։
Ուշագրավ է, որ ասուլիսի ժամանակ հնչած «հանճարեղ»
մտքերի ծաղկաքաղում, որը հրապարակվել է նախկին նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում,
դիմադրությանն առնչվող երկու միտք է առանձնացվել։ Ահավասիկ. «Փաշինյանն ուզում է կոտրել
այն դիմադրությունը, որը ձևավորելու է Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը»։ «Մեզ
առաջիկա 2-3 ամիսներին լուրջ իրադարձություններ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը
դիմադրելու է»։ Դիմադրություն տերմինը, համոզված
ենք, դեժավյու հարուցեց ընթերցողի մոտ ու ասոցացվեց այն խայտառակության, այն ձախողված
միջոցառման հետ, որին ընդդիմությունն առերեսվեց 2022-ին՝ Դիմադրության շարժում կոչվող
փողոցային պայքարի տեսքով։ Նույն դիմադրությանն այլ անվանումով՝ «սրբազան շարժում»,
ականատես եղանք նաև 2024-ին։ Այս շարժումն
էլ շուտով հյուծվեց ու մարեց՝ այդպես էլ չհասնելով
իր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, ու առաջիկայում, փաստորեն, հերթական դիմադրության
ռաունդին ենք ականատես լինելու։ Խնդիրն այն
է, սակայն, որ հիշյալ երկու դիմադրությունների ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր,
քան երբևէ՝ կալանքի տակ չէր։ Ավելին՝ անձամբ էր մասնակցում դիմադրություններից առաջինին։
Էլ ավելին ասենք՝ Սերժ Սարգսյանն էլ էր հավեսի ընկել ու Քոչարյանին զուգահեռ դիմադրում
էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ տուն ուղարկելու իղձը սրտում, սակայն նրանց դիմադրածից
Պողոս-Պետրոս դուրս չեկավ, էլ չասած, որ Լաոն էդպես էլ չզարթնեց՝ քնած մնալով մինչև օրս։
Քոչարյանի
քաղաքական կոնտորայում ակնհայտորեն ստեղծագործական կրիզիս է, նոր բրենդ, նոր անուն
ու փաթեթավորում չեն կարողանում գտնել իրենց հին, մաշված, բացասական փորձառության,
եթե կուզեք՝ կատարյալ ֆիասկոյի հետ նույնացվող գործիքակազմին։ Եվ արդեն իսկ հստակ կարելի
է պատկերացնել, թե ինչ տեսակի գործողություններ են սպասվելու հայ հանրությանն առաջիկայում
Դիմադրության երրորդ սեզոնի ժամանակ ՝ մի քանի հազար հոգանոց (լավագույն դեպքում՝ մեկ-երկու
հազար) «սիթի տուրեր»՝ հերթական «կենսական զիջումների», ենթադրաբար՝ «Տիգրանաշենը
հանձնելու» մասին ահաբեկչական հայտարարություններ հնչեցնելով, ՀՀ վարչապետին ուղղված վերջնագիր, հրաժարական տալու
ժամկետ, ցուցարարների՝ ժամ առ ժամ նոսրացող շարքեր ու․․․ ժողովրդին ուղղված մեղադրանք՝ մենք առաջարկեցինք
դիմադրել, ամեն ինչ կազմակերպեցինք, ծախս ու նեղություն կրեցինք, բայց դուք լայեղ չարեցիք
ողողել փողոցները՝ մեզ «պադերժկա» անելու, որ Նիկոլին հեռացնենք, վլաստը վերջապես վերցնենք
ու․․․ բանակցենք նույն օրակարգի շուրջ, ինչ Փաշինյանը, գնանք այն
նույն «կենսական զիջումներին», ինչում մեղադրում ենք Փաշինյանին։ Մեր փորացավն իրականում Տիգրանաշենը
կամ այլ շեներ չեն, այլ այն, որ Փաշինյանն
այլևս չկառավարի, հերիք է որքան կառավարեց, մեր օրոք բանակցային գործընթացում թույլ
տրված կենսական, ճակատագրական զիջումների հետևանքները կրեց՝ ժողովրդի հետ միասին։ Թող
թողնի մի քիչ էլ մենք կառավարենք՝ փրկելու այն միլիարդավոր դրամների ապօրինի գույքերը,
որոնք կուտակել ենք մեր պաշտոնավարման ընթացքում, և որոնցից զրկվելը՝ բռնագանձումը,
մեր կողմից պետությանն արված «կենսական զիջում» կլինի։ Կգանք իշխանության, արանքում
էլ ոնց պատահի՝ ոնց Պուտինը կասի, կլուծենք
Տիգրանաշենի ու մնացած բոլոր հարցերը։
Վարչապետը
թեմայի նյարդը հանում է, ընդդիմությունը՝ բորբոքում
Մինչ ՀՀ վարչապետը Քյարքիի հարցի վերաբերյալ
իր վերջին ասուլիսում ազդարարեց, որ պետք է «հանել նյարդը» թեմայի շուրջ՝ համոզմունք
հայտնելով, որ խնդիրը կլուծվի լավագույնս՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգի
սկզբունքներին համապատասխան, Քոչարյանն ու «կոնտորան» ամեն ինչ անում և անելու են հարցի
նյարդը գրգռել-բորբոքելու համար։ Օրերս դիմադրություն ցույց տալու իրենց առաջիկա անելիքների
մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ փոխկապակցված ԶԼՄ-ի տաղավարում ազդարարել
է Դիմադրության շարժման անդիմադրելի առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պետք է հասնենք
նրան, որ մեր ժողովրդի մեջ նյարդը չլինի այլևս Տիգրանաշենը հանձնելու շուրջ։ Այսինքն՝
էս փուլում ինքը փորձում ա հիմնավորել իր էս հակապետական գործունեությունը և նյարդը
հանել։ Իսկ մեր խնդիրն է բացատրել հասարակությանը, որ սա ինչ ծավալի ողբերգություն
և վտանգավորություն պարունակող խնդիր է մեր պետականության, ժողովրդի համար»։
Տնային
կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանն
էլ որոշել է ձայնակցել Սաղաթելյանին և ուժեղների
իր «փոքրիկ խմբակի» հետ զբաղվել Տիգրանաշենի
թեմայով հանրային նյարդը բորբոքելով։ «Ուժեղ Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում մի տեսագրություն
է թողարկվել, որում երևում է, թե ինչպես է հիշյալ խմբակն ավտոբուսով ուղևորվել Քյարքի՝
տեղացիների հետ բացատրական աշխատանքներ տանելու։ «Մենք ունենք Տիգրանաշենը զարգացնելու
ծրագիր, և մեր հայրենակիցներին պետք է բացատրենք, որ իրենք խաբվել են, և իրենց գյուղը
հանձնման ենթակա չէ»,- ազդարարել է Կիրանցը անկլավ համարած «ուժեղական» տիկինը՝ Գոհար
Մելոյանը։ Նշենք, որ ուժեղաց խմբակը պատրաստվում է շուտով հայտարարություն տարածել
Տիգրանաշենից, ինչի մասին նույնպես անոնսել է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
Ի դեպ, երբ շաբաթներ առաջ Քյարքիի թեման նոր-նոր
էր տաքացվել, Civic.am-ը հարց հղեց Նարեկ Կարապետյանին՝
դիցուք, հրաշք է տեղի ունեցել, իրենց ուժը հունիսի 7-ին վերցրել էր իշխանությունը,
գնացել Ալիևի հետ բանակցությունների հերթական ռաունդին ու սեղանին անկլավների, մասնավորապես
Քյարքիի հարցն է. ի՞նչ տեսլական ունի «Ուժեղ Հայաստան»-ը՝ կողմ է Քյարքին Արծվաշենով
փոխանակելո՞ւն, թե՞ այլ, ավելի շահավետ լուծում ունի։ Կարապետյանը մեր հստակ հարցին
այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ դիմելով հարցը
սվաղելու հնարքին։ «Ադրբեջանը առաջին հերթին պետք է վերադարձնի դելիմիտացիայի արդյունքում
հարյուրավոր հեկտարներ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում։ Դա է հիմնական ցուցիչը,
իրենք պատրա՞ստ են երաշխավորված խաղաղության, թե՞ ինչ կարում՝ ստանում են։ Նախևառաջ,
Ադրբեջանը պետք է վերադարձնի պաշտոնական Հայաստանին առնչվող, Հայաստանի ենթակայության
տակ գտնվող հողերը, որոնք պետք է մեր ենթակայության տակ գտնվեն՝ տասնյակ հազարավոր
հեկտարներ։ Դրանից հետո մենք կհասկանանք՝ էդ երկիրը երկարատև խաղաղությա՞նն է նայում,
թե՞ հիբրիդային ճնշման եղանակով բոլոր տեղերով ճնշում է մեզ»։ Երբ առարկեցինք՝ մեր հարցին պատասխանն այդպես էլ
չտրվեց, Կարապետյանը նետեց՝ հերթականության վրա շեշտ դնելով՝ պատասխանեցի։
Նույն հարցը շաբաթներ առաջ հղել ենք նաև Սաղաթելյանի,
Կարապետյանի կոլեգա Արթուր Խաչատրյանին։ Նա անկլավների հարցի լուծումը համարեց բանակցային
մեծ փաթեթի մաս, որի բոլոր բաղադրիչները պետք է լուծվեն կոմպլեքս։ Խաչատրյանը օպտիմալ
լուծում համարեց Քյարքին Արծվաշենով փոխանակելու
տարբերակը, բայց այդպես էլ չհստակեցրեց իրենց տեսլականը. «Սահմանները պետք է լինեն
այնպիսին, որպեսզի բավարարեն նորմալ կենսագործունեությունը, և դրա համար կա ԵԱՀԿ նախագահության
կողմից 2017 թ. մշակված սահմանազատման և սահմանագծման ուղեցույցը։ Հարցը պետք ա լուծվի
կոմպլեքս, խոսքը չի գնում միայն Արծվաշեն, Տիգրանաշեն, խոսքը գնում է բոլոր այդ տարածքների
մասին, որոնք սովետական ժամանակ մի ձև են եղել, հիմա մի քիչ այլ։ Բայց կրկնում եմ՝ չկա որևէ իրավական փաստաթուղթ,
որը ասի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը վարչական սահմաններն են դիտել որպես պետական սահմաններ»։
Հետևություն՝ շատ կոնկրետ հարցի՝ անկլավների
խնդրի վերաբերյալ ընդդիմադիր երկու հիմնական բևեռների ներկայացուցիչները չունեն հստակ
տեսլական, առարկայական լուծում՝ Քյարքին պահում ենք՝ տեղը տալիս ենք Արծվաշե՞նը, թե՞
Արծվաշենը, որը ՀՀ տարածքային ամբողջականության մաս է և այժմ Ադրբեջանի տիրապետության
տակ, վերադարձվում է ՀՀ-ին, Քյարքին էլ, որը ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո
է անցել 1992-ի մայիսին, վերադարձվում է Ադրբեջանին։
Ակնհայտ է, սակայն, մեկ բան՝ Քյարքիի հարցը
ներքաղաքական անկայունություն բորբոքելու համար օգտագործող, «Կիրանց 2»-ի վերածել փորձող
ընդդիմությունը դեմ է ՀՀ տարածքային ամբողջականությանը, որի մեջ է մտնում Արծվաշենը,
իսկ Քյարքին՝ ոչ։
Հեղինե Մանուկյան