Ադրբեջանի գործողությունները դարերով ԼՂ-ում ապրած հայերի էթնիկ զտում են. պետք է անհապաղ վերացվի ԼՂ շրջափակումը. Մենենդեսը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Կալիֆոռնիայից սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ խնդրելով Անվտանգության խորհրդում բանաձև ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման անհապաղ վերացման և տարածաշրջան առանց խոչընդոտի հումանիտար մուտքի պահանջով: Այս մասին Մենենդեսը գրել է Թվիթերում։
«Մենք կոչ ենք անում ձեզ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ համագործակցությամբ ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի այն վերացնի շրջափակումը և կանխի այն, ինչը հանդիսանում է համակարգված ջանքերով Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտում»,- գրել է Մենենդեսը՝ հրապարակմանը կցելով նամակի սքրինշոթը:
Թոմաս-Գրինֆիլդին ուղղված իրենց դիմումում քաղաքական գործիչները նշել են, որ ութ ամսվա ընթացքում Ադրբեջանը աստիճանաբար խստացրել է շրջափակումը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկելով առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ պարենից և դեղորայքից:
Նրանք հիշեցրել են, որ հունիսի 15-ին Ադրբեջանը փաստացի դադարեցրել է չափազանց կարևոր ամբողջ հումանիտար օգնության առաքումը, ինչը հանգեցրել է սարսափելի հետևանքների հազարավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և հղի կանանց համար:
Բացի դրանից, Մենենդեսն ու Պադիլան նշել են, որ Բաքուն ԿԽՄԿ-ին թույլ չի տալիս հումանիտար ապրանքներ տեղափոխել։
«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայ համայնքի էթնիկ զտում, որը ապրել է այնտեղ դարեր շարունակ»,- նշել են նրանք։
Սենատորները նաև հիշեցրել են Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացությունը, որը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը բնութագրել է որպես ցեղասպանություն։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, ՄԱԿ ԱԽ-ն Արցախի հարցով արտակարգ նիստ է անցկացնելու: