Ուկրաինական անօդաչուների հարձակումը ռուսական ավիաբազաների վրա, որն անցկացվել է «Սարդոստայն» գործողության շրջանակներում, «զայրույթ և տագնապ» է առաջացրել Կրեմլում՝ առաջնագծից հեռու գտնվող ավիացիոն բազաների անսպասելի խոցելիության պատճառով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Մոսկվայի աղբյուրներին:
Ուկրաինան հայտարարել է, որ «Սարդոստայն» գործողության արդյունքում վնասել է
41 ինքնաթիռ: Bloomberg-ի աղբյուրը գնահատում է, որ վնասված ինքնաթիռների թիվը մոտ
10-ն է: Միևնույն ժամանակ, պարբերականի զրուցակիցները նշում են, որ Ուկրաինայի վրա
հարձակումների համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի ռմբակոծիչ, ինչը նշանակում է,
որ հարվածների տեմպը չի դանդաղի:
The New York Times-ը, հղում անելով ամերիկացի և եվրոպացի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին, գրում է, որ վնասի գնահատականները դեռևս ստացվում են, սակայն պարբերականի աղբյուրների գնահատականներով՝ մոտ 20 ինքնաթիռ կարող էր լուրջ վնաս կրել, այդ թվում՝ վեց Տու-95 և չորս Տու-22Մ ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև մեկ A-50 ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռ («թռչող հետախույզ»):
Եվրոպացի դիվանագետների խոսքով՝ ուկրաինական կողմի գործողությունը հաջող էր Ուկրաինայում մարտական ոգին բարձրացնելու հարցում։ ԱՄՆ պաշտոնյան ասում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի տեղեկացվել հարձակումից առաջ. այս մասին ավելի վաղ հայտնել են այլ պարբերականներ։
Ամերիկացի պաշտոնյաները, ինչպես գրում է NYT-ը, Ռուսաստանից
«նշանակալի պատասխան» են սպասում ուկրաինական գործողությանը: Ամերիկյան
հետախուզությունը դեռևս չի պարզել, թե որ օբյեկտներին այն կուղղվի, սակայն
պաշտոնյաները ենթադրում են, որ Մոսկվան կարող է վերսկսել քաղաքացիական
ենթակառուցվածքների վրա անօդաչուների հարվածները, վնասել Ուկրաինայի էլեկտրահամակարգը
կամ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների նոր ալիքներ արձակել Ուկրաինայի վրա: