Ադամ Շիֆը Բայդենին կոչ է արել Ալիևին նախազգուշացնել պատժամիջոցների մասին և հայտարարություններից գործի անցնել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է կապ հաստատի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ և նախազգուշացնի նրան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքների մասին՝ ներառյալ պատժամիջոցները և ամերիկյան օգնության դադարեցումը։ Այս մասին նախագահին ուղղված նամակում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը, որը նամակը հրապարակել է իր Թվիթերում։

Շիֆը հիշեցրել է, որ ինքը նախագահին արդեն գրել է հունիսի 8-ին ԼՂ շրջափակման վերաբերյալ։ Այդ ժամանակից ի վեր ճգնաժամը շատ ավելի է սրվել և պահանջում է Միացյալ Նահանգների ղեկավարի անձնական և անհետաձգելի ուշադրությունը, նշել է կոնգրեսականը։ 
«2022 թվականի դեկտեմբերից Ղարաբաղի 120 հազար բնակիչ զրկվել է սննդամթերքի, դեղորայքի, գազի և էլեկտրաէներգիայի նորմալ մատակարարումից, իսկ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը նույնիսկ Կարմիր խաչի համար։ Անվիճելիորեն, այս իրավիճակը վերաճել է հումանիտար սուր ճգնաժամի, ինչպես օգոստոսի 7-ին նշել է ՄԱԿ-ի փորձագետների խումբը»,- նշել է Շիֆը։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը անհապաղ օգնության կարիք ունի, ներառյալ քաղաքացիների ամենախոցելի խմբերը՝ հղի կանայք, երեխաները և ծերերը։ Դեղորայք ու մանկական սնունդ գրեթե չի մնացել, իսկ իշխանությունները հայտարարել են թերսնման և դեղերի բացակայության պատճառով հիվանդացության և մահացության հաճախակիացման մասին: Հղիների մոտ անեմիայի դեպքերը հասել են 90%-ի, իսկ սովից ուշագնացության դեպքերը մշտապես են գրանցվում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվել է սովի իրական սպառնալիքին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագրին համապատասխան, գրել է Շիֆը։

 Հենց հիմա Ադրբեջանը թույլ չի տալիս 400 տոննա մարդասիրական օգնության բեռ մուտք գործել ԼՂ՝ ի հեճուկս միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի։

Թեև ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը կոչ են արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել դրանով կանոնավոր տեղաշարժը, Ադրբեջանն անտեսում է այդ կոչերը։ Հայտարարությունների ժամանակն անցել է վաղուց, ուստի, հավելել է Շիֆը, նա նախագահին կոնկրետ քայլերի կոչ է անում։

Դրանցից առաջինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելն է, քանի դեռ այն նախագահում է Միացյալ Նահանգները: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում է ԱՄՆ-ի մտադրությանը՝ գլխավոր թեմա դարձնել պարենային անվտանգության և մարդու իրավունքների համար պայքարը։

Երկրորդ՝ ամերիկյան առաքելություն ուղարկել ՄԱԿ՝ Անվտանգության խորհրդի բանաձև պատրաստելու համար, որում կխոսվի Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի փորձագետների տեղակայման մասին՝ փաստեր հավաքելու և տեղի ունեցողին անկախ գնահատական տալու համար, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցով։  

Երրորդ՝ հանձնարարել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին և USAID-ին ուսումնասիրել ԼՂ ցամաքային կամ օդային ճանապարհով շտապ մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունները։ 

Չորրորդ՝ Ալիևի հետ կապ հաստատել ու նրան զգուշացնել շրջափակման հետևանքների մասին՝ ներառյալ պատժամիջոցները, վիզայի չեղարկումը, ինչպես նաև ԱՄՆ օգնության դադարեցումը (որը, շատ կոնգրեսականների կարծիքով, վաղուց պետք է դադարեցված լիներ), նշել է Շիֆը:

«Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունելով՝ Միացյալ Նահանգները հայտարարել է «այլևս երբեք», բայց հիմա Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների իրական սպառնալիքի առաջ: Պարոն նախագահ, դուք արդարադատության կողմնակից էիք, հանդես եկաք ճշմարտության օգտին, այժմ եկել է ժամանակը այդ հայտարարությունները արտահայտելու գործով և կանխելու հայերի նոր ցեղասպանությունը»,- գրել է կոնգրեսականը։