«Ուկրաինայի այս գործողությունները կհայտնվեն պատմության դասագրքերում». Զելենսկին՝ 117 ԱԹՍ-ով ՌԴ թևավոր հրթիռային կրիչների 34%-ին հարվածելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Անվտանգության ծառայությանը, անձամբ գեներալ Մալյուկին և գործողությանը մասնակցած բոլորին։ «Այն մշակվել է մեկուկես տարուց ավելի՝ կատարյալ պլանավորված և իրականացված։ Սա իսկապես եզակի գործողություն էր։ Եվ հիմա կարող եմ արդեն հրապարակային ասել. այս գործողության «գրասենյակը» Ռուսաստանի տարածքում գտնվում էր ԱԴԾ-ի (ФСБ) շտաբի կողքին»։


Զելենսկու խոսքով՝ օգտագործվել է 117 ԱԹՍ, որոնք հարվածել են Ռուսաստանի ռազմավարական թևավոր հրթիռային կրիչների 34%-ին հիմնական ավիաբազաներում։


«Մեր թիմերը գործել են Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում և երեք ժամային գոտիներում և անվտանգ կերպով դուրս են բերվել նախապես: Սա պարզապես փայլուն արդյունք է: Սեփական, անկախ արդյունք Ուկրաինայի համար։ Մեկ տարի, վեց ամիս և ինը օր՝ պլանավորումից մինչև արդյունավետ իրականացում»,- ընդգծել է Զելենսկին։


Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, դա եղել է ամենահեռահար գործողությունը. «Ուկրաինայի այս գործողությունները անշուշտ կհայտնվեն պատմության դասագրքերում։ Ուկրաինան պաշտպանում է ինքն իրեն, և դա լիովին արդարացված է։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը զգա, որ պետք է վերջ տալ այս պատերազմին։ Պատերազմը սկսել է Ռուսաստանը, և հենց Ռուսաստանն էլ պետք է այն ավարտի»: