Պայթյուն Մախաչկալայի ավտոլցակայանում. կա 27 զոհ
Մախաչկալայում ավտոլցակայանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Միջադեպի հետևանքով տուժել է 102 մարդ, որոնցից 27-ը մահացել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արտակարգ պատահարի փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չբավարարող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան):
Ինչպես հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը, Մախաչկալայում տեղի ունեցած ողբերգության պատճառները հետաքննվում են, և ամեն ինչ կարվի, որպեսզի արդարադատությունը հաղթի։ 

Մելիքովը հավելել է, որ որոշում կկայացնեն նաև սոցիալական խնդիրների առումով։ Համակողմանի օգնություն ցուցաբերելու բոլոր անհրաժեշտ հանձնարարականները տրվել են ժամանակին։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի մայրուղու վրա հրդեհվել է ավտոսերվիս, կրակը տարածվել է լցակայանի վրա, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։