Բաքուն պնդում է՝ «Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ»
«Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը:

«Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է նրա գործողություններից», - ասվում է հայտարարության մեջ։

«2020 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղություն՝ հիմնված երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգման վրա՝ օրինական շահերի հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մյուս կողմից, Ադրբեջանը վարում է հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման քաղաքականություն՝ որպես իրավահավասար քաղաքացիներ՝ ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների բոլոր համապատասխան միջազգային մեխանիզմներով նախատեսված իրավունքներն ու ազատությունները, որոնց Ադրբեջանը մասնակցում է։ Միևնույն ժամանակ, դրսևորելով հավատարմություն այս բոլոր ոլորտներին, Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - նշված է հաղորդագրությունում:

Բաքուն հայտարարել է, թե »Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված Հայաստանի զինված ուժերը» վերջին շաբաթներին ուժեղացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործունեությունը, ինչը «միջազգային իրավունքի լուրջ խախտում է, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունների»:

Դրա հետ մեկտեղ, շարունակում է նախարարությունը, «վերջին օրերին Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով մեծ քանակությամբ սպառազինություն, զինտեխնիկա և Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կուտակում է նկատվում»։
Պաշտոնական Երևանը քանիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը զորքեր չունի:

Աղբյուր՝ azatutyun.am