Microsoft-ը կդադարեցնի ռուսական ընկերությունների լիցենզիաների երկարաձգումը
Ծրագրային ապահովման ամերիկյան մշակող Microsoft-ը սեպտեմբերի 30-ից հետո կդադարեցնի ռուսական ընկերությունների լիցենզիաների երկարաձգումը։ Այս մասին հայտնում է TelecomDaily գործակալությունը՝ հղում անելով Microsoft Online Services տեխնիկական աջակցության կողմից հաճախորդներից մեկին ուղղված նամակին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Microsoft-ը չի կարող վճարումներ ընդունել տեղական բանկային հաշվին Ռուսաստանում ծառայությունների համար։ Ակտիվ բաժանորդագրությունները կգործեն մինչև մնացած ժամկետի ավարտը։ Նրանք չեն կարող երկարաձգվել:

Microsoft-ի ներկայացուցիչը Forbes-ի հետ զրույցում ասել է, որ որոշումն ընդունվել է Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին համապատասխան։ 

Microsoft-ը որոշում է կայացրել դադարեցնել վաճառքը ռուսական շուկայում անցյալ տարվա մարտին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով։ Միևնույն ժամանակ, 2023 թվականի գարնանը պատժամիջոցների տակ չհայտնված միջազգային ընկերությունների ռուսական ներկայացուցչությունները կորպորացիայից սկսել են առաջարկներ ստանալ իրենց ծրագրային ապահովման լիցենզիաները երկարաձգելու վերաբերյալ։ Մասնագետների կարծիքով՝ Microsoft-ն այսպիսով փորձել է պահպանել ներկայությունը շուկայում։