Ռուսաստանը հրթիռակոծել է Զապորոժիեի հյուրանոցը, որից օգտվել է ՄԱԿ-ը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայում ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող Դենիս Բրաունը հայտնել է, որ Զապորոժիեի հյուրանոցում, որը հինգշաբթի վնասվել է ռուսական հրթիռային հարվածից, հաճախակի իջևանել են ՄԱԿ-ի աշխատակիցները և պատերազմից տուժածներին օգնող ոչ կառավարական կազմակերպությունները: ՄԱԿ-ի կայքում զետեղված հայտարարության մեջ ասվում է, որ Բրաունը «ցնցված է» հյուրանոցի վրա հարվածի մասին լուրերից: Այս մասին հայտնում է BBC-ն։
Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ ռուսական բանակը հրթիռակոծության համար կիրառել է «Իսկանդեր» հրթիռ։ Զապորոժիեում փլուզվել է Reikartz Zaporozhye հյուրանոցը:
«Դա բացարձակ անընդունելի է,- գրում է Բրաունը:- Ես ամեն անգամ կանգ եմ առել այդ հյուրանոցում, երբ եղել եմ Զապորոժիեում։ Իմ թիմն այն օգտագործում է որպես բազա քաղաք իրենց հաճախակի ուղևորությունների համար: Դա եղել է ՄԱԿ-ի բազան անցյալ տարվա մայիսին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանման գործողության համար»:
«Առանց ընտրություն կատարելու հարվածների թիվը, որոնց հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, սպանվել ու վիրավորվել խաղաղ բնակիչներ, հասել է աներևակայելի մակարդակի: Եվ դրանք միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են»,- հայտարարել է Բրաունը։
Նա նաև Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել «կատարել միջազգային մարդասիրական իրավունքի հարցերով ստանձնած իր պարտավորությունները և անհապաղ դադարեցնել Ուկրաինայի վրա առանց ընտրություն կատարելու հարձակումները»: