Շուրջ երկու ամիս է, ինչ պաշտոնական տեղեկություն չկա Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ միացյալ խմբի նախկին հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի գտնվելու վայրի մասին։ Նա անհետացել է անմիջապես այն բանից հետո, երբ «Վագներ» ստորաբաժանման զորքերը Ռուսաստանում ապստամբության փորձ կատարեցին: Ռուս գեներալ-գնդապետ Վալերի Մարչենկովը, ով Սուրովիկինի նախկին հրամանատարն է, չի բացահայտել, թե ներկայումս ինչ առաջադրանքներ է կատարում Սուրովիկինը, սակայն ընդգծել է, որ ՌԴ Զինված ուժերը սպասում են նրա վերադարձին։ Հունիսի 24-ին հրապարակվել էր Սերգեյ Սուրովիկինի տեսաուղերձը, որում նա «Վագներ»-ի մարտիկներին կոչ էր անում դադարեցնել երթը դեպի Մոսկվա։ Դրանից հետո նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
The New York Times-ը գրել է, որ Սուրովիկինը գիտեր մոտալուտ ապստամբության մասին, և չնայած դրա դատապարտմանը, ինքը օգնել է հեղաշրջման կազմակերպիչներին։
Այս ընթացքում բազմաթիվ վարկածներ են հայտնվել, թե որտեղ կարող էր անհետանալ Սուրովիկինը։ Financial Times-ը (FT)-ի աղբյուրների համաձայն՝ գեներալը կալանավորվել է ՌԴ իշխանությունների հրամանով։
Իր հերթին, Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, պատասխանելով Սուրովիկինի գտնվելու վայրի մասին հարցին, ասել է, որ նա արձակուրդում է և «դեռ հասանելի չէ»։ Այլ մանրամասներ պատգամավորը չի հայտնել։