Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է հակաադրբեջանական իրավական զեկույցի հեղինակ, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի զեկույցին։
«European Investigative Collaborations ցանցը հայտնել է, որ Մորենո Օկամպոն ունեցել է հաճախորդ, որը կասկածվում է Լիբիայում ռազմական հանցագործներին աջակցելու մեջ: Նման մշուշոտ անցյալ ունեցող մարդն իր կանխակալ զեկույցում միտումնավոր խեղաթյուրում է Միջազգային դատարանի որոշումները ու Լաչինի ճանապարհի հետ կապված իրական իրավիճակը և թույլ է տալիս լուրջ փաստական, իրավական և էական սխալներ։ Պարզապես առանց մեկնաբանությունների»,- գրել է Հաջիևը X-ի (Թվիթեր) իր էջում:
Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, հրապարակելով իր հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն է՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի. «Այստեղ չկան դիակիզարաններ, և չկան մաչետեով հարձակումներ: Սովը ցեղասպանության անտեսանելի զենք է: Առանց անհապաղ առանցքային փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի: Շատ առումներով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովը իրենից ներկայացնում է ցեղասպանության արխետիպ՝ պարտադրել կենսապայմաններ, որոնք ուղղված են խմբի ոչնչացմանը»,- ասվում է Օկամպոյի հայտարարության մեջ: