Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում
սպանվել է նախագահի թեկնածու Ֆեռնանդո Վիլյավիսենսիոն։ Այս մասին հայտնում է El Universo-ի տեղի պարբերականը։
Հարձակումը տեղի է ունեցել 59-ամյա քաղաքական գործչի նախընտրական հանրահավաքից հետո՝ օգոստոսի 9-ի երեկոյան։ Վիլյավիսենսիոյի թիմի անդամի խոսքով՝ քաղաքական գործիչը մեքենա նստելիս է եղել, երբ անհայտ տղամարդը կրակել է նրա գլխին, հաղորդում է BBC News-ը։ El Universo-ն գրում է գլխին երեք կրակոցի մասին:
Վիլյավիսենսիոյին առանց կյանքի նշանների տեղափոխել են հիվանդանոց, որտեղ արձանագրվել է նրա մահը։ Հրաձգության հետևանքով վիրավորվել է նաև ինը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Էկվադորի գլխավոր դատախազը հայտնել է, որ սպանության կասկածյալին կրակել են քաղաքական գործչի թիկնապահի հետ փոխհրաձգության ժամանակ, նա մահացել է ստացած վերքերից։
Էկվադորի ներկայիս նախագահ Գիլերմո Լասսոն, մեկնաբանելով Վիլյավիսենսիոյի սպանությունը, հայտարարել է, որ այս հանցագործությունը «անպատիժ չի մնա»։
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Վիլյավիսենսիոյի քարոզարշավը կենտրոնացած էր այդ թվում նաև կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
Անցյալ շաբաթ նա ասել է, որ իրեն և իր թիմի անդամներին սպառնացել է թմրանյութերի առևտրով զբաղվող հանցախմբի պարագլուխը։ Պարբերականը նշում է, որ բռնի հանցագործությունների ավելացումը, որը պայմանավորված է Էկվադորում նարկոկարտելների թվի աճով, երկրում նախագահական քարոզարշավի գլխավոր թեման է եղել։
Էկվադորում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 20-ին։ Վիլյավիսենսիոն հաղթողի գլխավոր հավակնորդների թվում չէր, նշում է BBC News-ը։