«ՆԱՏՕ-ի սպառնալիքները պահանջում են համարժեք արձագանք». Շոյգու
Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ից և Հարավային Կորեայից Լեհաստանի զենքի զանգվածային գնումները, ՆԱՏՕ-ի կոնտինգենտի ավելացումը Միութենական պետության սահմաններին անմիջաբար մոտ՝ այս ամենը Ռուսաստանի համար ռիսկեր է պարունակում և պահանջում է ժամանակին արձագանք: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Շոյգուն նշել է, որ արևմտյան և հյուսիսարևմտյան ռազմավարական ուղղություններով Ռուսաստանի ռազմական անվտանգության սպառնալիքները բազմապատկվել են։ Նրա խոսքով՝ լուրջ ապակայունացնող գործոն է դարձել Ֆինլանդիայի, իսկ հեռանկարում նաև Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

«Ֆինլանդիայի տարածքում հավանաբար կտեղակայվեն լրացուցիչ ռազմական կոնտինգենտներ և ՆԱՏՕ-ի հարվածային զենքեր, որոնք կարող են զգալի խորությամբ խոցել Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող չափազանց կարևոր թիրախները»,- պարզաբանել է նա: 
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին անմիջաբար մոտ տեղակայված են մոտ 360 հազար զինվորական, 8 հազար միավոր զրահամեքենա, ՆԱՏՕ-ի 650 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Ռուսաստանի համար ռիսկեր են պարունակում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից Լեհաստանի զենքի «մասշտաբային գնումները»՝ ներառյալ տանկեր, հրետանային համակարգեր, հակաօդային/հակահրթիռային պաշտպանության համակարգեր և մարտական ինքնաթիռներ, հավելել է Շոյգուն։ 

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այդ սպառնալիքները պահանջում են «ժամանակին և համարժեք արձագանք»։ Այդ կապակցությամբ ՌԴ ռազմական գերատեսչության կոլեգիան կքննարկի Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջանների ստեղծումը՝ Ռուսաստանի արևմտյան սահմաններում խմբավորումների ուժեղացմամբ։