Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ զինված ուժերին աջակցելու համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է մոտ 2 տրիլիոն գրիվին (մոտ 55 մլրդ դոլար)։ Նրա խոսքով՝ այժմ պետությանն աջակցում են գործընկեր պետություններից ստացված ֆինանսական օգնությունները, դրամաշնորհներն ու վարկերը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։
Վարչապետի խոսքով՝ մինչ ռազմական հակամարտության սկսվելը բյուջեի եկամուտները կազմում էին 1,3 տրիլիոն գրիվին։ 2022 թվականին երկրի ՀՆԱ-ն նվազել է 29,5%-ով։ Միևնույն ժամանակ, 2023 թվականին իշխանությունները ակնկալում են տնտեսության «թեկուզ աննշան աճ»։
2023 թվականի առաջին կիսամյակում Ուկրաինայի բյուջեն հավաքագրված հարկերից ստացել է ավելի քան 600 միլիարդ գրիվին։ Նույն ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորման համար հատկացվել է 672 մլրդ գրիվին։ Ապրիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 14,5 միլիարդ դոլարով ավելացրել է երկրի պաշտպանության ծախսերը։