Ուկրաինայի հացահատիկային ենթակառուցվածքին ուղղված ռուսական հարվածները «ամբողջ աշխարհի դեմ են». ԱՄՆ Պետդեպ
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ուկրաինայի հացահատիկային ենթակառուցվածքի ուղղությամբ Ռուսաստանի ուժեղացող հարվածները «ուղղված են ոչ միայն Ուկրաինայի ներսում գտնվող մարդկանց, այլև փաստացի ամբողջ աշխարհի դեմ»:  

«Երբ ոչնչացվում են հացահատիկային ենթակառուցվածքը, տրանսպորտային ենթակառուցվածքները, երբ նրանք ոչնչացնում են հացահատիկը, ինչպես դա եղավ վերջին օրերին, վնաս են հասցնում ոչ միայն Ուկրաինային։ Նրանք վնաս են հասցնում աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ զարգացող, որոնց գոյատևումը կախված է այդ արտահանումից»,- ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ 

«Մենք տեսանք, թե ինչպես անցյալ շաբաթ նախագահ Պուտինը քարոզչական նպատակներով հայտարարեց, որ աֆրիկյան երկրներ կուղարկի մինչև 50 հազար տոննա հացահատիկ։

Սևծովյան հացահատիկի նախաձեռնության ավարտից ի վեր Ռուսաստանի հարվածները Ուկրաինայի ներսում ոչնչացրել են 180 հազար տոննա հացահատիկ, այդ թվում... 40 հազար տոննա հացահատիկ միայն վերջին 24 ժամում»,- հավելել է նա: