ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին լուրերով և կոչ է անում կատարել Միջազգային դատարանի որոշումները
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին լուրերով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով»,- ասել է Հաքը:
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը առ այն, որ կողմերը պետք է կատարեն Արդարադատության միջազգային դատարանի, այդ թվում՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումները, ինչպես նաև նրանք, որոնք առնչվում են Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժի ապահովմանը երկու ուղղություններով։
«Նա հատկապես մտահոգված է «գետնի վրա» հումանիտար իրավիճակի վատթարացման մասին լուրերով և կոչ է անում շտապ գործողություններ ձեռնարկել՝ հեշտացնելու համար հումանիտար օգնության առաքումը կարիքավորներին»,- ասել է Հաքը:
Նա հավելել է, որ գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել հարաբերությունների երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։