Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները քաոս են առաջացրել

Իսպանիայի և Պորտուգալիայի զգալի հատվածներում էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, առաջացել են մեծ խցանումներ, հետաձգվել չվերթեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։


Իշխանությունները դեռ չեն կարողացել պարզել անջատումների հստակ պատճառը՝ չնայած կիբերհարձակումը չի բացառվում։ Կատարվում է հետաքննություն։ 


Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսպանիայում իրավիճակը կառավարելու համար ճգնաժամային հանձնաժողով է ստեղծվել։ 


Էլեկտրականության անջատումից հետո Իսպանիայի և Պորտուգալիայի կառավարությունները նախարարների կաբինետի նիստեր են անցկացրել։ 


Իսպանիայի ռադիոկայանները հաղորդել են, որ Մադրիդի մետրոյի որոշ հատվածներից մարդկանց տարհանում է իրականացվել։ Մայրաքաղաքի առանցքային շենքերի մոտ մեծ թվով իրավապահներ են տեղակայվել։ Ամբողջ երկրում չվերթերի հետաձգումներ են արձանագրվել։


Պորտուգալիայում, ըստ ոստիկանության, անջատվել են նաև լուսացույցները, Լիսաբոնում և Պորտուում մետրոյի աշխատանքը դադարել է։ Լիսաբոնի մետրոյի օպերատոր ընկերությունը հայտնել է, որ ուղևորներով լի գնացքները կանգնած մնացել են տեղում։ 


Կարճ ժամանակով էլեկտրականության անջատումներ են եղել նաև Անդորայում և Ֆրանսիայի որոշ հատվածներում։


Մադրիդի քաղաքապետը մարդկանց կոչ է արել խուսափել ճանապարհներից և արտակարգ ծառայություններին զանգահարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։