Թուրքմենստանը իր քաղաքացիներին տարհանում է Ռուսաստանից. ավելի վաղ Turkmenistan Airlines-ը դադարեցրել էր թռիչքները դեպի Մոսկվա
Ռուսաստանի, այդ թվում՝ Մոսկվայի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հաճախակիացած գնդակոծության կապակցությամբ Թուրքմենստանի իշխանությունները պատրաստվում են իրենց քաղաքացիների՝ ուսանողների և աշխատանքային միգրանտների արտակարգ տարհանման, հայտնում է թուրքմենական պարբերականը։

Հուլիսի 29-ի վաղ առավոտյան ազգային անվտանգության նախարարության 10 սպաներից և ՆԳՆ 15 աշխատակիցներից բաղկացած խումբը ծովով ժամանել է Աստրախան՝ համոզելու համար Ուկրաինայից գնդակոծված ռուսական բնակավայրերում բնակվող իրենց քաղաքացիներին ժամանակավորապես վերադառնալ հայրենիք կամ տեղափոխվել ավելի անվտանգ տարածաշրջաններ:

Նրանց, ովքեր կցանկանան վերադառնալ հայրենիք, ավտոմեքենայով կհասցնեն Աստրախան։ Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է պատրաստել երկու նավ, որոնցով Թուրքմենստանի քաղաքացիներին Աստրախանից կտարհանեն Թուրքմենբաշի։

Թուրքմենբաշիից նրանք ինքնաթիռով կամ գնացքով անվճար կտեղափոխվեն իրենց մշտական բնակության վայր։

Աստրախան ժամանած ուժայինների և դիվանագետների մի մասը ավելի ուշ ժամանել է Մոսկվա՝ Թուրքմենստանի դեսպանատուն։ 
Նախօրեին հայտնի է դարձել, որ Turkmenistan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա։ Ինչպես ասվում էր ընկերության հաղորդագրության մեջ, Աշխաբադից Մոսկվա և հակառակ ուղղությամբ թռչող ինքնաթիռներն այժմ Կազան են թռչելու՝ «Մոսկվայի օդային գոտում օդային իրավիճակի պատճառով»։