«ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառ.սմ կլինի անվտանգ». ԱՄՆ-ը՝ Բելառուսի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Պենտագոնի ներկայացուցիչ Փեթ Ռայդերը մեկնաբանել է լեհ-բելառուսական սահմանին նախօրեին տեղի ունեցած միջադեպը բելառուսական երկու ռազմական ուղղաթիռների կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին։
«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ միջադեպի հետ կապված՝ Ռայդերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն անշեղորեն հավատարիմ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության պաշտպանությանը։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք շատ լուրջ ենք վերաբերվում ՆԱՏՕ-ի անվտանգությանը։ Եվ մենք կշարունակենք աշխատել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ երաշխավորելու համար, որ ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը կլինի անվտանգ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Երեքշաբթի օրը Լեհաստանը հայտարարել է իր արևելյան սահման զորքեր հրատապ ուղարկելու մասին՝ Բելառուսին մեղադրելով Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ։ Երեքշաբթի կեսօրին Լեհաստանի սահմանամերձ Բելովեժ քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ բելառուսական երկու Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ թռչել են երկրի օդային տարածքով։ Պաշտոնական Մինսկը հերքել է որևէ խախտում՝ Վարշավային մեղադրելով այն բանում, որ ՆԱՏՕ-ի անդամ հարևան երկիրն այդ մեղադրանքը «հնարել է»՝ արդարացնելու համար իր զորքերի կուտակումը Բելառուսի հետ սահմանին:
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արևելյան սահման է ուղարկում «լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ»։ Լեհաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է սահմանի խախտման մասին, իսկ երկրի ԱԳՆ-ն բացատրություններ տալու համար կանչել է Բելառուսի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։
Լեհ զինվորականները սկզբում հերքել են սահմանի խախտման մասին լուրերը, սակայն ավելի ուշ, խորհրդակցություններից հետո, հայտարարել են, որ ներխուժումը տեղի է ունեցել «շատ ցածր բարձրության վրա, որը դժվար էր վերահսկել ռադարներով»: Բելառուսի պաշտպանության նախարարության Telegram-ալիքը հայտարարել է, որ Վարշավան փոխել է իր կարծիքը միջադեպի վերաբերյալ՝ «ինչպես երևում է, իրենց անդրօվկիանոսյան տերերի հետ խորհրդակցելուց հետո»։ Բելառուս զինվորականները Վարշավայի հայտարարությունն անվանել են «տատիկի հեքիաթ»՝ հայտարարելով, որ «Մի-8 և Մի-24 ուղղաթիռների կողմից սահմանի ոչ մի խախտում չի եղել»։