«Մենք միամիտ չենք. Կիպրոսում երկրորդ պետություն չի լինելու». Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կիպրոս կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ողջունում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված Թուրքիայի քայլերը, սակայն մերժում է կիպրական հարցի լուծման հնարավորությունը երկու պետությունների ստեղծման հիման վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը հետաքրքրությամբ հետևում է ընտրություններից հետո հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում է պաշտոնական Անկարայի հայտարարությունները ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկության մասին, սակայն հավելել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հետագա բանակցությունները «անկասկած պետք է հաշվի առնեն կիպրական հարցը և թուրք-հունական հարաբերությունները»։

«Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը շատ լավ է, բայց մենք միամիտ չենք, Կիպրոսում լուծում չի լինի երկու պետությունների ձևավորման հիման վրա»,- ասել է Հունաստանի վարչապետը։