Վրաստանը չի անդամակցում «3+3» ձևաչափին. Մակա Բոչորաշվիլին Անթալիայում վերահաստատեց իր երկրի դիրքորոշումը

Վրաստանը չի անդամակցում «3+3» (Վրաստանը նշում է «3+2»՝ բացառելով իրեն՝ խմբ.) ձևաչափին՝ անընդունելի համարելով ՌԴ ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորաշվիլին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ


«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր բոլոր հարևանների հետ՝ բացառությամբ Ռուսաստանի, քանի որ Վրաստանի երկու շրջաններն օկուպացվել են ՌԴ-ի կողմից, որը տակավին անընդունելի ռազնական ներկայություն ունի այդ տարածքներում։ Այդ պատճառով էլ չենք ցանկանում միանալ այդ ձևաչափին։ 


ՌԴ-ի հետ համագործակցում ենք միայն մեկ ձևաչափով՝ ժնևյան հարթակում, որտեղ երկու երկրները բանակցում են խնդրահարույց հարցերի շուրջ։ Այդ ձևաչափում ներգրավված են նաև ՄԱԿ-ը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն։ Մենք հրաշալիորեն համագործակցում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Վերջին երկուսի հետ իրականացնում ենք նաև արտատարածաշրջանային հետաքրքիր ու կարևոր նախագծեր։ 


Կարծում ենք, որ տնտեսական դիվերսիֆիկացիան տալիս է նոր հնարավորություններ։ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը տարբեր են, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ Վրաստանն, օրինակ, նախընտրում է համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչը նույնպես կարող է շահավետ լինել Հարավային Կովկասի համար։ Այդ առումով պատրաստ ենք համագործալցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- ասաց Բոլորաշվիլին։