Սաուդյան Արաբիայում կանցկացվեն Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններ. դրան հրավիրվել են տասնյակ երկրներ, բայց՝ ոչ Ռուսաստանը
Սաուդյան Արաբիայում օգոստոսի սկզբին կանցկացվեն ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ, որին կմասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրամիության և այնպիսի առանցքային զարգացող երկրների ներկայացուցիչները, ինչպիսիք են Հնդկաստանը և Բրազիլիան։ Այս մասին առաջինը հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով դիվանագետներին, որոնք մասնակցել են հանդիպման քննարկմանը: 

Ինչպես սպասվում է, միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 5-6-ը Ջիդայում: Դրան հրավիրված են ավելի քան 30 երկրների ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է The Financial Times-ը՝ ևս հղում անելով աղբյուրներին։ Ռուսաստանին գագաթնաժողովին չեն հրավիրել: 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է, որ Ուկրաինան Սաուդյան Արաբիայում հանդիպում է նախապատրաստում «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևի իրականացման վերաբերյալ», որին կմասնակցեն տարբեր երկրների ղեկավարների խորհրդականները։ Երմակը չի նշել բանակցությունների ստույգ ժամն ու վայրը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպմանը, մասնավորապես, հրավիրել են Չինաստանի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Արգենտինայի, Եգիպտոսի, Մեքսիկայի, Չիլիի և Զամբիայի ներկայացուցիչների։ Հրավերներ են ստացել Ուկրաինային աջակցող երկրներ, օրինակ՝ Ճապոնիան և Հարավային Կորեան, ավելի քան մեկ տասնյակ եվրոպական երկրներ, ինչպես նաև անմիջապես Եվրամիությունը:

Թե քանի երկիր կմասնակցի գագաթնաժողովին, դեռ պարզ չէ։ Իրենց մասնակցությունը հաստատել են Մեծ Բրիտանիան, ՀԱՀ-ը, Լեհաստանը և ԵՄ երկրները։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: 

Արևմտյան դիվանագետները կարծում են, որ գագաթնաժողովը որոշվել է անցկացնել Սաուդյան Արաբիայում՝ Չինաստանին հանդիպմանը ներգրավելու հույսով, որը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ, գրում է WSJ-ը։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ Պեկինի մասնակցությունը չի ակնկալվում, բայց նաև չի բացառվում։

Ջիդայում բանակցությունները կլինեն հունիսին Կոպենհագենում կայացած համանման հանդիպման շարունակությունը։ Դրան մասնակցել են Ուկրաինան, եվրոպական խոշոր երկրները, ինչպես նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Թուրքիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Ջեյք Սալիվանը դրան մասնակցել է տեսակապի միջոցով։ 

Ուկրաինայի և արևմտյան երկրների ներկայացուցիչներն ակնկալում են, որ բանակցությունները թույլ կտան մինչև 2023 թվականի վերջն անցկացնել խաղաղության գագաթնաժողով, որի ժամանակ համաշխարհային առաջնորդները կստորագրեն պատերազմի կարգավորման ընդհանուր սկզբունքները։ Եվրոպացի պաշտոնյաները հույս ունեն, որ այդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մինչև աշուն, սակայն, ըստ The Wall Street Journal-ի, այս ժամկետը հավակնոտ է թվում: Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ «պետությունների առաջնորդների մակարդակով գլոբալ գագաթնաժողովը» կարող է կայանալ տարեվերջին։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ջիդայում հանդիպման մասին լուրերը, հայտարարել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևելու է հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները ողջունում են հակամարտության «խաղաղ կարգավորմանը նպաստելու ցանկացած փորձ», սակայն Ուկրաինան «խաղաղություն չի ցանկանում»։

«Հնարավո՞ր է այժմ խաղաղ կարգավորման հասնել Կիևի ռեժիմի մասնակցությամբ և նրա ներկայիս դիրքորոշմամբ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ, հնարավոր չէ։ Դրա համար ոչ մի նախադրյալ չկա… Կիևի ռեժիմը չի ցանկանում և չի կարող ցանկանալ խաղաղություն, քանի դեռ այն օգտագործում են բացառապես որպես գործիք Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի պատերազմում»,- լրագրողների համար ճեպազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։