Հունգարիան սկսում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունից դուրս գալու գործընթաց։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը։
«Հինգշաբթի օրը կառավարությունը կսկսի աշխատանքը (ՄՔԴ-ից)
դուրս գալու ուղղությամբ՝ սահմանադրական և միջազգային իրավական նորմերին
համապատասխան»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։
Հունգարիայի
իշխանությունների՝ ՄՔԴ-ից դուրս գալու մասին հայտարարությունն արվել է Իսրայելի
վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ֆոնին, ում նկատմամբ կալանքի միջազգային օրդեր է տրվել։
Reuters-ը հիշեցնում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր
Օրբանը Նեթանյահուին հրավիրել է երկիր Իսրայելի վարչապետի նկատմամբ կալանքի օրդեր
տալու ՄՔԴ-ի որոշման հաջորդ օրը։ Այդ ժամանակ Օրբանը խոստացել էր, որ Նեթանյահուն
չի կալանավորվի, և ՄՔԴ որոշումը անվանել «լկտի, ցինիկ և լիովին անընդունելի»:
Հունգարիան Հռոմի ստատուտը ստորագրել է 1999 թվականին և
վավերացրել այն երկու տարի անց:
Reuters-ի փոխանցմամբ՝ ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու
գործընթացը կտևի մեկ տարի։