Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը հետ են մղել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հարձակումը Սիրիայի մայրաքաղաքի Մեզզե թաղամասի անցակետի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Ներքին անվտանգության վարչության (աշխատակիցները) հետ են մղել տապալված ռեժիմի մնացորդների հարձակումը Դամասկոսի Մեզզե շրջանում անցակետի վրա»,- հեռուստաալիքին ասել է սիրիական իշխանությունների ուժային կառույցների աղբյուրը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Վերջին
տվյալներով՝ Սիրիայի արևմուտքում իրավիճակի սրման սկզբից զոհվել է Ասադի 250
զինված կողմնակից, իսկ նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կորցրել
են 231 մարտիկ։ Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 800-ը։
Միևնույն
ժամանակ, Սիրիայի անցումային կառավարության տեղեկատվության նախարարությունը
անարժանահավատ է համարել երկրի արևմտյան նահանգներում խաղաղ բնակիչների նկատմամբ
հաշվեհարդարի մասին վկայությունները, որտեղ բախումներ են տեղի ունենում Սիրիայի
անվտանգության ուժերի և Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։
«Վերջին երկու օրերին
արձանագրվել են հին լուսանկարներն ու տեսանյութերը կրկնակի
տարածելու պարբերական փորձեր։ Դրանցից մի քանիսը թվագրվում են նախորդ տարիներով, իսկ մյուսները նկարահանվել են երկրի սահմաններից դուրս: Այդ նյութերը միտումնավոր ներկայացվում են որպես սիրիական ափին տեղի ունեցող ընթացիկ իրադարձություններ, ինչն ակնհայտորեն ուղղված է հասարակական կարծիքը մանիպուլացնելուն, տարաձայնությունների հրահրմանը և իրավիճակի ապակայունացմանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: