«Ուկրաինայի նախագահին Լինդսի Գրեհեմի տանը չեն ընտրելու». Զելենսկին՝ ի պատասխան հրաժարական տալու սենատորի կոչի

ԱՄՆ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը, որը երկար ժամանակ հանդես է եկել Ուկրաինային օգնության տրամադրումը շարունակելու օգտին, Սպիտակ տանը փետրվարի 28-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անվանել է «լիակատար աղետ» և Զելենսկուն կոչ է արել հրաժարական տալ:


Գրեհեմը Fox News-ի հետ մեկնաբանել է բանակցությունները դրանց ավարտից անմիջապես հետո և ասել, որ «հպարտանում» է Թրամփով և չգիտի՝ ամերիկացիները կկարողանա՞ն արդյոք կրկին «գործ բռնել» Զելենսկու հետ: «Նա կամ պետք է հրաժարական տա և ուղարկի մեկին, ում հետ մենք կարող ենք գործ անել, կամ պետք է փոխվի»,- հայտարարել է Գրեհեմը:


Այս կոչը կրկնել է նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական ​​Մայք Ջոնսոնը: Նա NBC News-ին ասել է, որ Զելենսկին «պետք է ուշքի գա և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ երախտագիտությամբ, կամ մեկ ուրիշը պետք է ղեկավարի երկիրը (Ուկրաինան)»։


Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Մարկ Ուոլցն էլ CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ին Ուկրաինայում այնպիսի առաջնորդ է պետք, «որը կկարողանա գործ ունենալ մեզ հետ, վերջնարդյունքում գործ ունենալ ռուսների հետ և վերջ տալ այս պատերազմին»։


Զելենսկին, մեկնաբանելով հրաժարականի կոչերը, ասել է. «Ես կարող եմ (Լինդսի Գրեհեմին) տալ Ուկրաինայի քաղաքացիություն, և նա կդառնա մեր երկրի քաղաքացի։ Եվ այդ ժամանակ նրա ձայնն ավելի ծանրակշիռ կլինի... Ուկրաինայի նախագահին ընտրելու են ոչ թե Լինդսի Գրեհեմի տանը, այլ Ուկրաինայում»։


«Ինձ փոխարինելը հեշտ չի լինի, որովհետև բավարար չէ միայն (նոր նախագահական) ընտրություններ անցկացնելը։ Ինձ պետք է խանգարեն մասնակցել դրանց։ Իսկ դա մի փոքր ավելի բարդ կլինի»,- հավելել է Զելենսկին։ Նա նաև կրկնել է իր վերջին հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե Ուկրաինային ընդունեն ՆԱՏՕ։