Ուկրաինան դեռևս պատրաստ է համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ և կառուցողական երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում եվրոպական գագաթնաժողովից հետո BBC-ի լրագրողներին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները՝ Զելենսկին ընդգծել է. «Ես ցանկանում եմ, որ Ուկրաինայի դիրքորոշումը լսելի լինի»։ Կիևը ցանկանում է, որ իր գործընկերները հիշեն, թե ով է իրական ագրեսորը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում, ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
Վլադիմիր Զելենսկու
խոսքով՝ այն «մարտական տոնից», որով տեղի է ունեցել նրա հանդիպումը Վաշինգտոնում
ամերիկյան ղեկավարության հետ, չեն շահել ոչ ԱՄՆ-ն, ոչ Ուկրաինան որպես
գործընկերներ, փոխարենը վեճը ձեռնտու էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Զելենսկին չի պատրաստվում նաև ափսոսանք
հայտնել, թե ինչպես է վարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում։
Զելենսկին հավելել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվել են նաև փետրվարի
28-ից հետո, բայց «ոչ իր մակարդակով»։
Չնայած Օվալաձև կաբինետում տեղի ունեցած դեպքերին՝
Զելենսկին պատրաստ է վերադառնալ Սպիտակ տուն, եթե նրան հրավիրեն։ Սակայն տարածքներ
զիջել Պուտինին հանքանյութերի մասին համաձայնագրի շրջանակներում, ինչպես առաջարկել
են Թրամփի վարչակազմի պաշտոնյաները, ուկրաինացի առաջնորդը պատրաստ չէ, փոխանցում է
BBC-ն։
Ուկրաինայի առաջնորդը նաև մեկնաբանել է
ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերն այն մասին, որ Զելենսկին պետք է «կամ փոխի իրեն, կամ հրաժարական տա և ուղարկի որևէ այլ մեկի», ում հետ ԱՄՆ-ը կարող է գործ ունենալ։ «Ինձ կարող են փոխարինել ՆԱՏՕ-ով»: Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը
կնշանակի, որ Զելենսկին կատարել է իր առաքելությունը, հայտնել է Ուկրաինայի
նախագահը Sky News-ի լրագրողներին։
Հարցին, թե ինչ է մտածում Լոնդոնում կայացած
եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքների մասին, Զելենսկին հայտարարել է,
որ Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը կլինի ուժեղ ուկրաինական բանակը։
Ուկրաինայի ձախողումն իր հերթին կլինի Եվրոպայի և ԱՄՆ-ի ձախողումը, այլ ոչ միայն Պուտինի
հաղթանակը, ընդգծել է Զելենսկին։