Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման ծրագրի բովանդակությունը, որը պատրաստել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այս մասին նա ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկել են մեկամսյա ժամկետով մասնակի
հրադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը չի տարածվի ցամաքային ռազմական
գործողությունների վրա։ «Հրադադարի դեպքում շատ դժվար կլինի ստուգել՝ պահպանվո՞ւմ են արդյոք (ռազմական գործողությունները) ճակատի երկայնքով»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ մասնակի հրադադարը տարածվելու է օդային և
ծովային հարձակումների, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին հարվածների վրա։
Ծրագրի երկրորդ մասը ենթադրում է, որ եվրոպական երկրները
խաղաղապահ զորախումբ կուղարկեն Ուկրաինա, սակայն դա տեղի կունենա միայն ավելի ուշ
փուլում։ «Առաջիկա շաբաթներին ուկրաինական հողում եվրոպական զորքեր չեն լինի։
Հարցն այն է, թե ինչպես մենք կօգտագործենք այդ ժամանակը, որպեսզի փորձենք հասնել
հրադադարի, բանակցությունների, որոնք կտևեն մի քանի շաբաթ, իսկ հետո, երբ
խաղաղությունը ստորագրվի, (զորքերի) տեղակայման»,- ասել է Մակրոնը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոն կատարած այցի
ժամանակ լրագրողների հարցին, թե գիտի՞
արդյոք այս ծրագրի մասին, պատասխանել է. «Ես տեղյակ եմ ամեն ինչից»։
Էմանուել Մակրոնը հարցազրույցում նաև հայտարարել է, որ
Ֆրանսիան և եվրոպական մյուս երկրները պետք է ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա։
«Վերջին երեք տարիներին ռուսները պաշտպանության վրա ծախսում են իրենց ՀՆԱ-ի 10%-ը։
Ուստի մենք պետք է պատրաստվենք ապագային՝ սահմանելով ՀՆԱ-ի 3% կամ 3,5% նպատակային
ցուցանիշ: Սա հեռու է այն 2%-ից, որին Ֆրանսիան դժվարությամբ հասել է, և որին
եվրոպական շատ երկրներ դեռ չեն մոտեցել»,- ասել է նա։